Խոսքս վերաբերում է ամբողջ հայ ժողովրդին. դուք չգիտե՞ք, որ ծնվել է 21-րդ դարի վեցերորդ հանճարը՝ Զարզանդ Պինդարոսի Թոփալքարաջյանը. մեծությու՛ն, հսկա՛, փահլևան գրականության մեջ:
Եվ ընդամենը 26-27 տարեկան է: Համոզված ենք, որ ՀՀ գրողների միությունը շուտով ամենամյա մրցանակ կտա նրան բոլոր անվանակարգերով. չէ՞ որ ոչ մի հերթական մեծ գրականագետ գլուխ չի հանում ՝ նրա գրածը պոեզիա՞ է, թե՞ արձակ, թատերգությու՞ն, թե՞ հրապարակախոսություն: Եվ ի՛նչ խայտառակություն է, որ նրան չեն առաջադրում Նոբելյան մրցանակի: Իսկ ամենավիրավորականն այն էր, որ նա դուրս մնաց Պետական մրցանակաբաշխությունից: Նրա երակներում հոսում է արիական արմենոիդ գերմարդու ՈՒժայր տեսակի ամենակատարյալ՝ հինգերորդ կարգի արյունը, որ հազար տարին մեկ է ի հայտ գալիս արարչության մեջ: Գրական քննարկումների ժամանակ, ի դժբախտություն իր թափթփուկ գրչակիցների, նրա շուրթերից կարելի է լսել անհայտ այնպիսի՛ հզոր, արդի արտասահմանյան գրողների անուններ, որ լսողը նախաինֆարկտային շրջան կապրի՝ դրանք չիմանալու պատճառով: Տեսնու՞մ եք՝ ի՛նչ գիտելիքներ ունի: Ի՞նչ կարևոր է՝ խորը գիտե այդ գրողներին, թե՞ ոչ: Դա դեռ քիչ չէ՝ գրականագետ էլ դարձավ և այժմ, եթե Էյխենբաումը կենդանի լիներ, ամոթից կհրաժարվեր գրականագիտությունից: Նրա ձեռքին կա Notebook՝ որպես ժամանակակից writer (գրող), իսկ ոմանք, գրողը տանի, դեռ գրամեքենաների աղմուկից հարևանների գլուխներն են տանում: Նա նույնիսկ ստվեր է ձգում մեր նոր Բելինսկու և Ռոլան Բարթի վրա, Ծաղկաձորը վկա: Մի երկու գերհանճարեղ խոսք Զարզանդի գրվածքների մասին. նրա բջիջներում դարը խոսում է դարի հետ, աչքերի արտացոլանքում միայն դարի հանճարներին կտեսնես: Նրա մազանոթներում, ինչպես կասեր չբավարարված մի գրականագիտուհի, կատարվում է եռագույն ծիսական-բաքոսական արարողություն, ոսկորների մեջ՝ հատկապես ոտքերի, պահպանվում են վաղ միջնադարի գրական ավանդույթները, նրա հոգու թևերի ճախրն այնքան ճկուն է՝ հանց Նարեկացիական-Նորպլատոնական ՙթիկնեթեկին՚: Գրական-ազգակցական աղերս ունի պարոն Ֆալլոսի և օրիորդ Հեշտոցի հետ, դրա համար էլ նրան անմիջապես տպագրում են աշխարհի ցանկացած հեղինակավոր ամսագրում: Նրա ուղեղից դուրս են ժայթքել մետաֆորիկ-միֆական կառույցներ, վեպում (որ լոկ ֆալլոսականներն են ըմբոշխնում), ծնվել են գրական ուղղություններ՝ էքզիստենցիալիզմը և տրանսցենդենտալ հոգեգարությունը: Սյուրռեալիզմն արնաթաթախ-ենթագիտակցորեն կծկվել է տողատակերում և ստեղծել է մեր ժամանակի հմայիչ հերոսին՝ անտիհերոս թարմ մեռելին: Նա խորապես ազդվել է բնականաբար Կաֆկայից և Բորխեսից: Արտառոց բնագծային պարադոքսը մետամորֆոզում է նրա հանգուցային-ապամոնտաժված տողերը, գրչի առեղծվածային ինքնությունը մետաֆիզիկական տարածության ու ժամանակի միջով գիտակցական վայրկենական արթնություն է հաղորդում քնատ ընթերցողին: Նրա եսի կեցության գոյաբանական հիմունքը վերլուծական համակարգի է վերաճում՝ դառնալով միֆի մշակույթային անդրհամակարգ: Նրա զուգադրումները ակունքվում են Աստվածաշնչյան կերպարների տիեզերաբանական ճեղքերի անդրանցումային պատումի մոգական ներհայեցումներից: Այսպիսի՛ նորարարություններից հետո ամոթ է, որ ՙհամաշխարհային՚ հսկա գրողներից մի քանիսի անունը չջնջենք գրականության պատմությունից: 0րինակ՝ Կաֆկան անվարժորեն նմանակել է Զարզանդին՝ ներըմբռնումով զգալով վերջինիս: Բայց պետք չէ այս լուրը տարածել. մեղք են Կաֆկայի ժառանգները:
Մի խոսքով՝ անցյալն ու ներկան հաշտվում են նրա վեպում, ինչպես կասեր մրցանակ չստացած մի երիտգրականագետ: Զարզանդ Պինդարոսիչը հեգնում է Յասպերսի և Սարտրի գաղափարները՝ դրանով ավելի բարձրանալով նրանցից: Զարմանալի է, բայց գրական ընթացքի զարկերակը վառ պահող միակ գրողն է այսօր, և հավերժական հատուկ մրցանակ չեն ստեղծում նրա համար: Ի՛նչ խայտառակություն: Զարզանդը գուցե ոչինչ չասի, բայց մե՜նք պիտի մտածենք այդ մասին: Ճիշտ է, իրեն ՙերևանցիորեն՚ է պահում, բայց նրա ՙհոգում՚ դեռ չի մեռել գեղցիական-քաղքենիական կուլտուրան: Նա շարունակ ժպտում է՝ կարծես թե գիտակցելով իր հանճարեղության տիեզերաչափությունը: Իսկ հիմա, սիրելի՜ ընթերցող, խնդրում եմ ոտքի կանգնիր, ի հարգանք մի ապշեցուցիչ փաստի. Զարզանդի վեպի էքսցենտրիկ բազմաշերտությունը ընկալե՛լ է մեր ժամանակի Բելինսկին և իր գրականագիտական պիռուետներով ցնցել է այսօրվա հայոց աշխարհի ՙսուրբ՚ հեթանոսներին, որոնք երբեմն գրողաբար ոհմակվում են: Զարզանդի նորարական այս քառատողը կարող եք անգիր սերտել, որպեսզի դարից շատ հետ չմնաք: Իսկ մի քանի տասնյակ նորելուկ ցնդած ախմախագիրներ մի պահ կլուսավորվեն՝ հավերժորեն վայր դնլով իրեց ամուլ-բազմազավակ գրիչները.
Թերթերում ֆոտոլուր է դարձել դանակս պոետական,
Չդզեց քո մինի յուպկան Ծաղկաձորի ֆոնի վրա,
Դու չափից շատ ճաշակեցիր նրա թուքը և քրտինքը.
Հուշերս մտրակեցին ու մկրատեցին քո աբսուրդահար գլուխը…
Անգրաճանա՜չ ես՝ կետադրված է հոգիդ:
Ի՛նչ տիեզերական պոեզիա: Վալերիանա բերե՛ք, հիացմունքից ու հուզմունքից վատացա՛: Նրա վերոնշյալ տողերում կգտնեք Նիցշեի փիլիսոփայությունը, Բոդլերի գայթակղիչ կանչը, Շեքսպիրյան հզոր կրքերը, Պարոնյանական սրտացավ-սուր ծաղրը, Չեխովյան անհատակ ենթատեքստերը: Այսքանից հետո մոտ 359 գրագիր, ներեցե՜ք, գրող, վայր կդնի իր սովետահայ կամ աբսուրդահարված գրիչը՝ դառնալով Թոփալքարաջյանական շկոլայի ընթերցողը: Լավ ընթերցողն արժե քսաներկու անտաղանդ գրող: Զարզանդը բավական նվիրված է … ինքն իրեն: Հանուն կարիերայի պատրաստ է բնաջնջել ռասսաների ու մասսաների: Նա ՙախպեր՚ է կոչում այն ռաբիսաշնորհ խմբագիրներին, ովքեր տպագրում են միայն անտաղանդ գրվածքներ (հարաբերություն չփչացնելու համար), քանի որ իր ստեղծագործությունները կփայլեն ապաշնորհների ՙֆոնի՚ վրա՝ ավելի ընդգծելով իր՝ դարի վեցերորդ հանճար լինելը: Նրանից շատ բան ունենք սովորելու: Օրինակ՝ ձեր խոնարհ ծառան իր նոթատետրը ձեռքից վայր չի դնում Նրա հետ քայլելիս: Ի դեպ, Զ. Թոփալքարաջյանը շատ է հարգում գրողների մեջ կռիվ գցող խմբագիրներին, (որոնց հիշելս ժպիտով միայն հայհոյում են), ովքեր չեն տպագրում դառն ու դժոխային ճշմարտությունները և տեղ են տալիս կտուրը թռածներին: Մի բառով՝ արդի ամենավառ հանճարներից է: Բթամիտ գրողների մի մեծ թայֆա նրան շան տեղ չի դնում և լավ էլ անում է, որովհետև նա շուն չէ: Ապշեցուցիչ է, որ որոշ պետական թատրոններ չեն բեմադրում նրա պիեսները. չէ՞ որ Զարզանդն օգտագործել է գռեհկաբանություն, էժանագին անեկդոտներ, նոր ՙքֆուրներ՚, լեսբուհիների կերպարներ և այլն: Է՛հ, մինչև աղվեսների դունչը հասնի խաղող-Զարզանդներին, վերջիններս արդեն դրախտում կլինեն: Բանն այն է, որ վերջերս մի քանի երիտգրականագետներ ևս սիրահարվել են նրա գրվածքներին:
Ժողովուրդը փոխանակ դեն նետելու դասականների գրքերը և փութա նրան ընթերցելու, զբաղված է ստամոքսային անափ հարցերով…
Եկեք ժպիտով նայենք նաև այն խորագիտակ ընթերցասերներին, ովքեր Թոփալքարաջյանի հանճարեղ երկերից ոչինչ չհասկացած, բացականչում են. ՙԻ՛նչ հետաքրքիր է, դզե՜ց: Ամենահանճարե՛ղ երիտասարդն է՚: Պատկերացնում եմ, թե այս հոդվածից հետո քանի՛ միլիոն մարդ կնետվի գրախանութ…
Զարզանդ Պինդարոսի Թոփալքարաջյանը օժտված է քրեական մտածողությամբ, հաճախ բացի ժպիտից ընդունում է մռայլ-լուրջ դեմք, երբ հանդիպում է ՙախպերությանը՚: Պետք է փայփայել այսպիսի՛ մտավորականին, էլ մի՜ հարցրեք՝ ինչո՜ւ: Ես այնքան էլ չեմ քծնում նրան. պարզապես շտապում եմ գրել նաև Նրա մասին՝ ապագայում քիթս ցցելու համար. չէ՞ որ առաջինը ե՜ս նկատեցի մեր դարի վեցերորդ հանճարին: Միակ մանր թերությունն այն է, որ Զարզանդը հումոր չունի. պարզվում է, անհումոր հանճար էլ է լինում, հա՜, հա՜, հա՜, հա՛… Գուցե պատճառը բերդի կանոններին հպարտությամբ հետևե՞լն է…
Մի խոսքով հավանե՜ք և երկրպագե՜ք մեր նոր, իսկակա՜ն Կաֆկային, խնդրու՛մ եմ:
Նարցիս 5, 2007