(հատվածներ վեպից)
– Էս գորգը պիտի առնեմ,- ասաց աշնան` մուշտարի աչքով տնտղելով քացախաջրով
նոր լվացած ու արևի տակ փայլող գորգը, որն ասես վռշնած գեղեցկուհի լիներ:
– Չէ, չէ, հո դա ծախո՞ւ չի, մերն ա,- ապշեց Սուսանի մայրը` հայացքով գրկելով գորգն ու չիմանալով, թե էլ ինչ կարելի է ասել իր օջախին ի պաշտպանություն:
Բայց հայրն համաձայնեց: Հետո, երբ ադրբեջանցին գնաց, բացատրեց.
– Մին ա, կյուղանալու ա…
Սուսանի հայրն անասնաբույժ էր, տարվա մեջ մի հինգ – վեց ամիս անասնապահ ադրբեջանցիների հետ մնում էր դրսերում, լավ ծանոթ էր նրանց նիստուկացին: Ադրբեջանցիների սովորության համաձայն, եթե երեխան առաջին անգամ գողություն անելիս բռնվում էր, ամեն ինչ տալիս էին, որ իրենց երեխային չճնշեն, որպեսզի նրա առաջին գործը հաջող լինի, երեխան չվախենա, հաջորդ անգամ էլ համարձակ գնա գողության:
– Ուրեմն, եթե գողացողը հայ ա, էլի՞ ընդունում ըն,- անկեղծորեն հարցրեց Սուսանը հորը:
– Չէ մի՜,- քմծիծաղ տվեց հայրը:
Հետո, փորձելով աղջկա հոգու հետ խաղալ, հարցրեց.
– Կյողություն ըս օզում անի՞ս, ա՛յ խոխա:
Ու, դստեր այլայլված հայացքը տեսնելով, անմիջապես շտապեց ուղղել սխալը:
– Լավ, լավ, շուլուղ ըմ անում, ախճիգ ջան,- ասաց,- խռովիս վեչ:
Սուսանը հիշեց, թե փոքր ժամանակ մայրն ինչպես էր նախատում, եթե ինքն ու քույրը կամ եղբայրը հանկարծ ուրիշի խաղալիք էին վերցնում:
– Բայց, ասում ըն, մուսուլմանները գողի ծերքը կտրում ըն,- իրեն տիրապետելով` տարակուսած հարցրեց հորը:
– Թորքը վեչ մի պենն էլ կտրում չի: Նամանավանդ վեր, խոխի առաջին կյողությունն ա, ներում ըն: Վեր մծընա, հայիցը կյողանա:
Տագնապ ընկավ մոր սիրտը:
– Հա, դյուզ ըս ասում, ուրանց ըլի էդ կապերտը,- ասաց,- աղջկերանցը վնաս տան վեչ, ուրանց ըլի:
Սուսանն ու քույրն արդեն սովորում էին ու անընդհատ ավտոբուսների մեջ էին, տնից դուրս: Գորգը փոխանակեցին:
Հայ ու ադրբեջանցի վատ չէին իրար հետ, բայց, ոնց որ ասում են, լավ էլ չէին. եթե հայը նրանց գյուղ էր մտնում, մի վնաս տալիս էին: Հեչ որ բան չլիներ անելու, մեքենայի նվագարկիչը կար ու կար, կհանեին կամ մի բան կփչացնեին: Իհարկե երեխեքն էին անում, բայց մեծերն էլ աչք էին փակում:
– Երեխա է, մի բան է, արել է, ի՞նչ անենք,- պատասխանում էին:
– Դե, էլ ի՞նչ ասես,- նորից ասում էր հայն ու ետ քաշվում:
Նույնիսկ դպրոցական նստարանից ընկերություն արած ադրբեջանցուն դժվար էր մինչև վերջ վստահել, բայց ի՞նչ անեին, ամբողջ օրը միասին էին: Մի ժամանակ ադրբեջանցու տասներեք – տասնչորս երեխա կային Հացվա դպրոցում, կկռվեին էլ, կհաշտվեին էլ: Բայց, հայը հաշտվում էր, ադրբեջանցին ոխակալվում, ու ինչքան շատ էր հայը հաշտվում, այնքան շատ էր ադրբեջանցին իրեն ուժեղ զգում: Տարբեր էին, խի՛ստ տարբեր: Իսկ խորհրդային բռնատիրության պարտադրած եղբայրությունը` չարդարացված:
Իհարկե խառն ամուսնություններ էլ էին պատահում, թեև գյուղերում` հազվադեպ: Հացիում ընդհանրապես չկար, հարևան Նոր Շենում` միայն մեկը, իսկ մայրաքաղաքում` ավելի շատ: Բայց, միևնույն է, բախումներն անխուսափելի էին:
Այլևս իրար չէին վստահում, սակայն ստիպված էին շփվել, որովհետև ֆերմայի անասնապահներն ադրբեջանցի էին: Բայց նրանք ամեն տեղ հայերին վախկոտ էին ներկայացնում, թե իբր հայի սիրտն ու նապաստակի սիրտը մեկ են:
– Հայի կրոնը թույլ է, հայի կրոնն ասում է` մի սպանիր,- ասում էին նրանց մեծերը:
Ու ադրբեջանցիք գոտեպնդվում էին, հոխորտում.
– Զենք էլ չունենանք, մարդագլխով կգանք, կվերացնենք: Հեչ որ չէ քրդերը կան ու կան:
Թուրքերը միշտ ամեն վատ բան արնախում քրդերի ձեռքով են արել: Թուրքը քրդին շան տեղ էր պահում, որ իրեն պետք եղած ժամանակ քսի տար հայերի վրա` նրանք կոտորեին, առևանգեին, իրենք թալանեին: Ղարաբաղի տարածքում էլ մուսուլման քրդեր կային, որոնք վտանգավոր էին քրիստոնյա հայերի համար: Քրդերը փող ունեին, շատ երեխաներ էին ունենում, նրանց կենցաղը ծախսատար չէր, խորամանկ էին, մտավորականներ էլ կային իհարկե, բայց` շատ քիչ: Հացվա ֆերմայում աշխատող քրդերի անձնագրերում ազգությունը գրած էր ադրբեջանցի:
– Դուք ձեր ազգին դավաճանում եք, որ ադրբեջանցի եք գրվում,- մի օր ասաց Գասպարը,- ով ազգություն չունի կամ չգիտի, թե ինչ ազգից է, թող գրվի, բայց դուք…
Քիչ անց, նրանցից մեկը շուրջը նայելով մոտեցավ Գասպարին, հանեց անձնագիրն ու թաքուն ցույց տվեց, ասելով.
– Մարդու բան չասես, շատ եմ խնդրում:
Ազգության դիմաց քուրդ էր գրված, մի բան, որ հազարից մեկի անձնագրում չէր հանդիպի: Որովհետև նույնիսկ քրիստոնյա ուդիներին էին ստիպում ադրբեջանցի գրվել: Ուդիները սկզբում հայկական կրոնի քրիստոնյա էին, հայկական դպրոց էին գնում, բնակավայրն հայկական անվանում ուներ, Կուտկաշեն էր կոչվում, բայց, քանի որ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզից դուրս էր, Ադրբեջանը կարողացավ փակել նրանց դպրոցները և պարտադրել իր կրոնն ու դավանանքը: Եվ կամաց – կամաց շատերը մոռացան իրենց ազգության մասին: Ընդհանրապես Ադրբեջանի առաջադիմական մտավորականները տեղյակ էին երկրի խնդիրներից, հիմնականում հասկանում էին ազգամիջյան հակամարտությունը, սակայն, ոչինչ չկարողանալով անել, ստիպված լռում էին: Արդեն բոլորը նույն կաթսայի մեջ էին, իսկ հայերը` համառում էին ու համառում, որովհետև տնօրինելու իրավունքն իրենցն էր: Եվ նրանց հանդեպ այս քաղաքականությունը կիրառելն ապստամբության բուն էր, որն արդեն լրջորեն էր գլուխ բարձրացնում…
Գյուղամիջում Սուսանը հանդիպեց Գասպարին, որը շրջկենտրոնից էր վերադառնում և շատ մտահոգ էր երևում: Մարտունիում լաբորատորիայի աղջիկների միջև վեճ էր եղել. ադրբեջանուհիները տիրաբար պնդել էին, որ իրենք են մնալու այդ վայրերում, արհամարհաբար ասել, թե իրենց չի հետաքրքրում` հայերը ով են, որտեղից են գալիս, ուր են գնում, և ոչ մի կապ չունի, որ բնիկներ են: Իրենք էլ են տեր, եկել են, ապրում են, ուրեմն տեր են, իրենց երկիրն է, իրենց երկրում որտեղ կուզեն, այնտեղ էլ կապրեն, ուրեմն իրենք պիտի մնան, իսկ հայերը հեռանան: Բայց երևում է միայն աչքը ուրիշի ունեցածին տնկելով գործը չէր հաջողվում, որովհետև հայերն իրենց տանն էին, իսկ լաբորատորիայի աշխատակիցները և մասնագետները հիմնականում հայ էին, գործը նրանք էին անում: Ու հայուհիները պնդում էին, որ ոչ միայն իրենք են ի սկզբանե եղել ու իրենք դեռ ապրում են, այլ միշտ կլինեն, որովհետև իրավունքն իրենցն է: Ադրբեջանի հայատյաց քաղաքականության պայմաններում, այս հասարակ աշխատողները լեզու չէին գտնելու, այլևս չէին կարողանալու միասին ապրել: Վերևից ներքև, արդեն ադրբեջանցիք միայն իշխել էին ուզում, ամբողջովին տիրանալ, հայերն էլ, որպես հյուրասեր տանտերեր, թեև դեռ դիմանում էին, սակայն դանակը ոսկորին էր հասնում: Ներս էին թողել ու հիմա սեփական տան աշխատասենյակ կամ ննջասենյակ հասնելու համար պիտի անցնեին ադրբեջանցիներով լեցուն բակերով, նախամուտքերով, միջանցք ու զուգարաններով: Խոհանոցում ընդհանրապես բարդ իրավիճակ էր: Քիչ էր, որ հայկական անտառի աղբյուրների ջուրն էին խմում, Աղդամում հայոց աղին տիրացած Ադրբեջանն ուզում էր հանքը լպստելուց ծարաված սիրտն էլ հայոց սարերում հովացնել: «Դևը նստել էր» նաև Ակն աղբյուրի ակունքին, որը Հացվա դուռն էր ու միայն զոհաբերություններ ստանալով էր մտադիր թույլ տալ, որ մարդիկ ջուր վերցնեն իրենց աղբրի իրենց իսկ տաշած բռից: Հետևաբար ադրբեջանցիք արդեն միայն լակոտ – լուկուտի քարկոծելով չէին բավարարվում, արդեն լուրջ բռնությունների էին դիմում, ու հայկական գյուղերը կտրվում էին իրենց մայրաքաղաքից, շրջկենտրոններից, ճանապարհներին մարդիկ վիրավորվում էին, ընկնում հիվանդանոցներ, այլևս ապահով չէր սեփական տան մեջ: Էլ ո՛չ ադրբեջանցի տաքսիստները, ո՛չ տարեց մարդիկ չէին պաշտպանում հայերին, որովհետև վախենում էին, որ բարբարոսներն իրենց էլ կվնասեն: Եվ հայերին մնում էր ապավինել միայն իրենց միակ անդավաճան պաշտպաններին` իրենց սարերին:
Յոթանասուն տարի Սովետական Միությունը ժողովրդին շղթայակապ էր պահել, ու միայն խորացրել խեղաթյուրումները, որոնցից ամենաաբսուրդայինը Ադրբեջան երկրի հորինումն ու նրան տարածք ապահովելու համար ամպուտացիայով հայկական հողերից վերջույթներ պոկելն ու նրան բռնակցելն էին և Լեռնային Ղարաբաղն ու Նախիջևանը Ադրբեջանի, իբր թե ինքնավար, մարզեր դարձնելը: Անցել էր ընդամենը յոթանասուն տարի, շատ ջրեր էին հոսել, ժողովուրդներին շատ էին մոլորեցրել, սակայն արդեն ժամանակները փոխվում էին. Էնգելսի ու Մարքսի գաղափարները սովետները վաղուց էին ոտնակոխ արել, Լենինի սիֆիլիտիկությամբ նրա անպտղությունը պատճառաբանելը վաղուց էր շրջանառվում ուսանողական լսարաններում, և վաղո՜ւց արդեն հեղինակություն չէին ո՛չ այդ «ոսկեգանգուր» մանկիկը, ո՛չ իր ծագումից խրտնող, ինքն իր արատները փայփայելով իր մեջ պարփակված և իր պողպատյա պատյանից դուրս ամենայն ինչ ոչնչացման ենթակա համարող Ստալինը: Սովետների այդ երկու առաջնորդները ամեն մեկն իր հերթին հնարավորինս ոչնչացնել էին տվել երկրանգնդի իրենց թունավորած հատվածում եղած բոլոր ողջամիտ գլուխները և նպաստավոր պայմաններ ապահովել հայկական հողերի նվիրատվությունները հնարավոր ներկայացնելու համար:
Ու եթե թուրքերը Թուրանից արշավել էին, հասել Փոքր Ասիա, Հայկական լեռնաշխարհ ու Միջերկրական ծով, թե թուրքերը կործանել էին երբեմնի Բյուզանդիոնն ու զավթել հայոց պատմական հայրենիքի արևմտյան հատվածը, թե թուրքերը լրջորեն գործողությունների դիմելով և կառավարական ծրագիր իրականացնելով տեղահանման պատրվակով կոտորածների էին ենթակել հայերին, բնաջնջել հատկապես ազգի առաջնորդ մտավորականներին, ադրբեջանցիները, ռուսաստանաթուրքիական հերթական դաշինքի ոլորաններում, դարձյալ ուրիշի հողերի հաշվին, բայց առանց մատը մատին տալու էին Հայաստանի հարևանությամբ պետականություն կամ «հայրենիք» նվեր ստացել: Ու թեև ամեն միջոցի դիմել ու ամեն ինչ արել ու անում էին երկնքից իրենց գլխին թափված հայկական մանանան պահպանելու համար, ու ինչքան էլ ծանրացնում էին հայի վիճակը, էլի հայը հարատևում էր: Եվ արդեն հայերի հոգուն հասել էր, հասունացել էր պահը` ճեղքելու բռնապետության պատերը, թոթափելու բոլոր ստրկալծերը և ինքնուրույն տնօրինելու սեփական կյանքը: Հայոց երիտասարդ ու ոչ երիտասարդ առաջադիմական սերունդները ոտքի ելել, պայքարում էին իրենց ոտնահարված իրավունքների պաշտպանության համար: Եվ Հրանտը չէր կարող պայքարողների մեջ չլինել, Հրանտի արյան մեջ վաղուց էր եռում դարավոր ընդվզում – բողոքը, Հրանտը կռիվ ուներ… Նա առաջին անգամ էր պատերազմի դաշտում, բայց ինչքա՜ն էր կարդացել ու լսել և հիմա կռվի էր ելել իր ազգի բնաջնջմամբ կամ ծվատմամբ բարգավաճել ձգտող թուրքերի դեմ` մանկական մտապատկերներից հասնելով մինչև իրական ռազմի դաշտ:
– Կարևորը արդեն երկիր ենք, արդեն անկախ ենք, ոչինչ, հիմա մենք մեր քաղաքականությամբ շատ բան կանենք,- նորից հուսադրեց նա ընկերներին:
– Արա, պրոֆեսիոնալիզմ չկա, յոլա գնալու հոգեբանությունը կործանում ա… Ասենք, մինչև անկախությունն էլ մի բան չէր:
– Որովհետև պրոֆեսիոնալները փախչում են երկրից:
– Մնան ի՞նչ անեն, պատերազմ ա:
– Գլուխները մինչև պատերազմն են գնացել:
– Էդ ուրիշ պատճառ ունի:
– Պրոֆեսիոնալներն ամեն ինչ անում են կետ առ կետ հաշվարկած և իմանալով` ով ինչ ա սիրում, ում ինչ ճաշ հրամցնեն: Անփորձները անում են ճնշումներին ու օտար ազդեցություններին ենթարկվելով: Արդյունքում երկուսն էլ ի վնաս ազգի են գործում,- իր դատողությունները շարունակեց արտահայտել Հրանտը:
– Էդ էլ ա քաղաքականություն:
– Կամ տի ըն օզում, լի՜…
– Ամենավնասակարը «ինչ ուզում են, էն տանք» սկզբունքն ա,- ասաց Հրանտը:
– Դե հմի սաղ էլ իրավունք օնին…
– Դեմոկրատիան էլ բոլորի համար ա, չէ՞: Ասա՛, ասա՛:
– Հի՞նչ:
-Ի՞նչը ինչ: Թուրքն էլ հայկական հողերն ա ուզում, դե տվեք:
– Թորքը օզում չի, թորքը խլում ա:
– Չեք թողնում, որ տան,- ասացին:
– Չենք էլ թողնի.- ոգևորվեց Հրանտը:- Քանի դեռ ողջ ենք: Մեռնեմ էլ, չեմ թողնի: Մեռնեմ, ավելի վատ, անմարմին ավելի ուժեղ կլինեմ, կխառնվեմ հողին, նախ ինձնից պիտի խլեն հողը, հետո տան թուրքին:
– Ժողովուրդը…
– Ես ժողովրդի մասին չեմ խոսում, ես ազգի մասին եմ խոսում:
– Արդեն դու էլ ասեցիր, որ ազգիդ մասնագետները լքում են երկիրը:
– Ի օգուտ հայրենիքի գործելու համար պարտադիր չի անպայման մասնագետ լինել, փորձառու կամ շատ խելացի: Ուղղակի պիտի ամեն ինչ անելիս մտածես ազգիդ շահի մասին և ապրես քրիստոնեաբար, չմեղանչելով ոչ մեկի հանդեպ,- ասաց Հրանտը:
– Քրիստոնեությունն ասում ա` դու այնքան ես ընկել, որ քեզ ապտակում են, ընդունիր մեղքդ, մյուս երեսդ էլ դարձրու, որ ապտակեն ու այլևս մեղք չգործես: Մարդն էլ մյուս երեսն էլ ա շրջում, մի ապտակ ավելի, մի ապտակ պակաս ու շարունակում ա մեղք գործել,- ասաց Դավթյան Սամվելը:
– Քրիստոնեությունը չի ասում դու անմեղ հրեշտակ ես, ես գամ քեզ մորթեմ, դու դարձիր էշ ու ձայն մի հանիր,- նկատեց Աբելը:
– Էշն ամենաանմեղ արարածն ա:
– Համաձայն եմ,- ասաց Հրանտը,- չարքաշ, աշխատող… Էդ ա իր կոչումն այս կյանքում: Ու երբ անարդար են վարվում, էշը կանգնում ա ու առաջ չի գնում:
Հրանտը ընդհատեց խոսքը` չցանկանալով այլևս շարունակել:
– Շատ ես հոռետես,- ասացին ջոկատակիցները Հրանտին:
– Հոռետեսությունն ու լավատեսությունը ապագայի հանդեպ են լինում, ապեր, ես ներկայի մասին եմ խոսում: Ու ինձ ուրիշ բան ա անհանգստացնում:
– Կա՞ մի բան, որ քեզ չի անհանգստացնում,- ծիծաղեցին բոլորը:
– Պատկերացնո՞ւմ եք, թե էս յոթանասուն տարվա ընթացքում քանի՞ ադրբեջանցի, էդ դարերի ընթացքում քանի՞ թուրք ա ծնվել հայոց հողի վրա, սնվել մեր հողից…- բոլորի համար անսպասելի հարցրեց Հրանտը:
– Միտքդ չեմ ջոկում, ախպեր:
– Հի՞նչ ըս օզում ասիս, Հրանտ:
– Ո՞նց հասկացնեմ նրանց, որ սա իրենց հայրենիքը չի: Որ իրենք իրենց սերմը իրենց հողում պիտի աճեցնեն, որպեսզի զարմ տան: Իրենք մաքուր թուրք կամ չգիտեմ ադրբեջանցի ինչ ցեղ չեն արդեն, իրենք իրենց նախնյաց բնօրրանի մասին պատկերացում չունեն, Թուրանն ինչ բան ա, թուրքի երեխան գիտի՞: Հայաստանում կամ Արցախում ծնված ադրբեջանցու իմացած հայրենիքը մեր հողն ա:
– Դե հա, արդեն տհենց ա:
– Արդեն…
– Բայց դու թուրքին իզուր ես խղճում…
– Հրանտ, թորքերը գիդո՞ւմ ըս հունց ըն անում:
– Դե հա` շատ հաշվարկած, երեխու բարուրից սկսած իրանց գործն անում են, ու վատը հայն ա: Հայը գյավուր ա` անհավատ: Էն հային, որին, դարեր շարունակ, ոչ ոք չի կարողացել ծնկի բերել, հավատափոխ անել, անհավատ են ասում: Աբսուրդ ա:
– Նրանք հայ երեխեքին գողանում են, որովհետև հայերը ուժեղ են, կռվող են, մեծացնում դարձնում են ենիչերի, յաթաղանը տալիս են ձեռը ու ասում են` հանուն Մուհամեդի… Մեղա, մեղա, ինչ էր եկել բերանս… սպանի էդ գյավուրին, սպանի հային, որ ընկնես դրախտ:
– Գիտեմ:
– Ես իմացել եմ, որ թուրքերը առաջ, էն ժամանակները, երբ դեռ բժշկական ասեղ չի էլ եղել, ինչ – որ կենդանու սնամեջ ոսկորով հայ երեխեքի ողնուղեղը քաշել, սրսկել են իրենց երեխեքին, որ իրենց տեսակը լավացնեն:
– Էդ… երևի` ոչ միայն հայ…
– Արա, լավ դե…
– Ի՞նչ, թուրքերից ամեն ինչ հավատալու ա, թուրքն ամեն ինչ խաբելով ա անում:
– Բա էլ ո՞նց ես ծնողի գիրկը առոք փառոք մեծացած թուրքին խղճում: Քանի՜ – քանի հայ երեխեք մորթվեցին Թուրքիայում, Հրա՛նտ, քանի՞սը մայրերի աչքի առաջ խորովվեցին Սումգայիթում, է՜: Շարունակե՞մ…
– Կամ, ապեր, միլիոնավոր հայ են ապրում, հենց լավ էլ ծնվել ու մեծացել են Ռուսաստանում, Ամերիկայում և այլն: Մարդ կա մի բառ հայերեն չի էլ խոսում: Եվ առաջին հերթին, հենց թուրքի արած ցեղասպանության պատճառով: Ասի` Ամերիկան իմ հայրենիքն ա՞:
– Հայը ուր գնում, շենացնում ա, իսկ թուրքերը ուր գնում, յուրացնում են, բնիկների մշակույթը, ամեն ինչ, փոխում, իրենցն են դարձնում: Դու թուրքի հետ ո՞տ ես պարզում,- ասաց Գրիգորյան Արայիկը:
– Ես թուրքի հետ ոտ չեմ ուզում պարզեմ, իմ արժեքներն ուրիշ են, իմ նախնյաց ավանդածն ուրիշ ա,- վերջապես պատասխանեց Հրանտը:
– Թուրքը, եթե հայ ա սպանում, սրբանում ա, արա՛:
– Իրանց հերն էլ անիծած, դե՜…
– Օզում ըն, վեր մունք ալ տեռնանք թորք, կամ ալ տուս քշի:
– Է՞, ի՞նչ շահեցին: Ողբում էին, ասում էին՝ ոսկի ձեռքեր տվինք, ոսկի ատամ բերինք:
– էդքան ջարդերից հետո, Սումգայիթ, Բաքու, Շահումյանից հետո մենք իրավունք չունենք էս հողը չպաշտպանելու,- ասաց Սամսոնը:
– Ու, Աստված չանի, պատկերացնո՞ւմ եք, եթե Ղարաբաղը նորից Ադրբեջանի ձեռն ընկնի: Կկոտորեն բոլորին,- լրջորեն տագնապած ասաց Հրանտը:- Ոչ մի թիզ չենք տա:
– Գլուխները կջարդեմ, ո՞նց թե,- ոգևորվեց Վալերը:
– Ես լալկանություն չեմ սիրում` «Կճանաչե՞ն արդյոք ցեղասպանությունը»: Ես պահանջատեր եմ,- ասաց մեկ ուրիշը:
– Ճանաչելն իհարկե էական ա, բայց առաջնայինն ու միակ խնդիրը չի, դու ճիշտ ես մտածում, ելակետը պիտի ճիշտ լինի, մնացածը դիվանագիտության խնդիր ա,- ասաց Հրանտը:
– Դե նախ պտի ճնանչին, վեր…
– Չէ, ախպեր, ըռաչ պտի կյործ անինք, վեր ճնանչին, վեչ թա լաց ինինք:
– Տըռնըտոռնը ընգնինք, թարիփ ու կենգատ անինք:
– Նախ պիտի ապացուցենք, ինչ որ ասում ենք ու գիտենք մեր ծնունդից ի վեր: Պետք ա, որ մյուս ազգերն էլ իմանան, որ մենք մեր տունն ենք պաշտպանում Արցախում, մեզ բռնի են դուրս քշել մեր պատմական հողերից, ու որ այդքան կոտորվելով, քշվելով, աշխարհով մեկ սփռվելով հանդերձ, մենք չենք լքել մեր հայրենիքը,- ընկերների միտքը շարունակեց Հրանտը:
– Այսի՞նքն:
– Այսինքն` Թուրքիայում քանի՞ հայ ա շարունակում ապրել իրական ու բացահայտ, քանի՞սը` ծպտված, քանի՞սը` իսլամացած: Իսլամը կրոն ա, ազգային պատկանելություն չի: Էդ մարդիկ էլ են հայ:
– Քանի՜ քանիսն են ամեն օր գնում – գալիս, տղերք:
– Տո չէ՜, է՜, մահմեդականն էլ հի՞նչ հայ քրիստոնյա:
– Հա, շատ լավ ասեցիր, ամբողջ աշխարհը քրիստոնյա են, մենք հայ քրիստոնյա:
– Դա քրիստոնեության լուրջ ճյուղ ա, չգիտեի՞ր:
– Հա բա ի՞նչ: Մեր ամեն ինչը առանձին ճյուղ ա. ծագումը, լեզուն, տեսակը, գանգը, կրոնը, կյանքը, ճակատագիրը… Մենությունը… Մեր հազարամյակների մենությունը… Մեր խնդիրն ա նաև ապացուցել, որ այսօրվա Թուրքիայում այդքան մարդը հայ են: Իրավունքներ ունեն: Դրսիններն էլ հետը:
– Լսի, զիլ բան եք ասում, գիտե՞ք: Դուրըս էկավ,- նորից ոգևորվեց Վալերը:
– Մենք այս ուղղությամբ պիտի աշխատենք,- շարունակեց Հրանտը,- թե չէ ապացուցել, որ ցեղասպանություն ա եղել, հայոց հարցը լուծելու համար բավարար չի: Իհա՛րկե եղել ա: Ամբողջ աշխարհը գիտի: Թուրքերը մեզնից լավ գիտեն, որովհետև իրենց համար դա թաքուն բան չի, դա պաշտոնական քաղաքականություն ա, և իրենց արխիվներում են բոլոր ապացույցները:
– Ամերիկան դա չի ընդունի, ուրանք ալ հնդկացիներին ըն վերացրալ:
– Դե հիմա նրանք վերացել են, Ասորեստան չկա, Բաբելոն, Բյուզանդիա չկա: Իսկ մենք կանք: Սա է փաստը: Սա է պահանջատիրության առաջին նախապայմանը:
– Եսի՞մ:
– Ասում են Արևմտյան Հայաստանում կոտորվածների ժառանգներին փող – մող են տալու:
– Որ ի՞նչ…
– Մեղքերի ապաշխարության համար մոմի փող: Չի հերիքի, էդքան փող չեն ճարի:
– Չէ, չէ, էն թվերին բանկերում գումար ունեցողների ժառանգներին կարող ա մի բան տան:
– Չէ, տղերք, ճիշտ եք ասում, հայերի հարցն ուրիշ ա: Նույնիսկ հրեաներին հայերի հետ չես համեմատի:
– Կհամեմատենք ու կասենք, որ հրեաներինը հոլոքոստ ա և իր պատմական հայրենիքում ասպատակողի ձեռքով կատարված ցեղասպանություն չի: Տարբեր բաներ են: Գերմանիան հրեաների պատմական հայրենիքը չէր, սխալ չհասկանաք ինձ, ես գերմանացիներին չեմ արդարացնում, սպանությունը արդարացում չունի,- ասաց Հրանտը:
– Հա, բայց մարդկանց հալալ ա, տեսա՞ք` ոնց պետություն ստացան:
– Ասում են` իրենք գնացին ինքնազոհաբերության, որ գերմանացիներին դատի տան ու երկիր կոմպենսացիա ստանան:
– Նման զոհաբերությունն իմաստ ունի, եթե նույնիսկ չարդարացվի:
– Չէ, տղե՛րք, էդ մերը չի:
– Դե հա, ճիշտ ա, մենք էշի նահատակ ենք ըլնում, իսկ օգտվել չենք կարողանում: Էդ մերը չի:
– Պատմությունից որ ասում էին կենաց ու մահու կռիվ, էս ա, էլի՜:
– Ըհը: Մունք արուն ընք թափում, բայց էքսի օրը ղեկավարնին ըն, գիդում չըմ, թա հուր նհետ, որոշելու` սահմանը շտեղ դնին:
– Քանի մետր առաջ կամ հետ գծեն:
– Ո՜նց կբանակցեն, ի՜նչ կզիջեն, երբ զիջելու բան չկա: Ընդհակառակը, դեռ ինչքան խլած հող կա, որ ետ պիտի բերվի:
– Դե, ամեն մարդ իր գործը պիտի անի: Հիմա մենք զինվոր ենք,- ասաց Հրանտը:
– Հրանտ, տու օձը պունան խոսքավ տուս կօնիս:
– Մենք նորից հայրենիք ենք կառուցում: Հիմա իմ ազգին զինվոր ա պետք, ինչ կկարողանամ, կանեմ, գեներալություն չեմ ուզում, որ չիմանամ,- ասաց Հրանտը:
Հրանտն արյան կանչով կրկնում էր մորական պապի խոսքերը, ում ընտանիքը գալով Սովետական Հայաստան, նույն պատճառաբանությամբ էր դիմանում դժվարություններին:
– Պատմությունները միշտ էլ կեղծվում են, մենակ թուրքը չի սարքում,- ասացին:
– Այո, բայց իրականությունը ներծծվում է հողի մեջ,- անսահման ներողամիտ խոհականությամբ խոսքն հանդարտ ձգեց Հրանտը:- Որ հետո հառնի մի բույսի տեսքով, որը ծանոթ թվա մարդկանց ու ինչ – որ բան հիշեցնի նրանց…
– Ու նրանք չհասկանան, թե էդ ինչ ա,- կտրուկ ընդհատեց ջոկատակիցն ու վեր կացավ:
– Իրականությունը մարդկանց համար չի…
– Լսի, ամեն րոպե կարող ա խփեն, ուզում ես ասես, թե դու չե՞ս վախենում,- հարցրեց մյուսը:
– Ամեն րոպե բոլորիս էլ կարող ա խփեն, ո՞վ չգիտի, ու դա ի՞նչ կապ ուներ իմ ասածի հետ,- տարակուսեց Հրանտը:
– Դե հա: Ի՞նչ ես անելու:
– Խփվելուց հետո՞: Ոչ մի բան: Մինչև էդ ա պետք հասցնել մի բան անել, հետոն… երկրային ոլորտներում չի արվում:
– Այսի՞նքն:
– Հավատա, կտրվի:
– Վայ Հրանտ, Հրանտ, կոզի աշխարքը շոռ կյա, տու քո հանգի ըս շարժվելական:
Հրանտը չպատասխանեց:
– Ախեր էս հարցերը ղեկավարնին ըն որոշում:
– Մենք պիտի՞ մտածենք, որ մեր միջից դուրս եկած ղեկավարն էլ մի օր մեր ուզածով մտածի ու անի,- ասաց Հրանտը:
– Մունք ընք, օզում չընք մտածինք,- կատակեցին:
– Ուրեմն մեր միջից չպիտի լինի ղեկավարը:
– Մենք մտածող ազգ ենք, հեչ մի մտածի:
Ծիծաղեցին:
– Քո կողքը մարդ փիլիսոփա ա դառնում, Հրանտ:
– Մեզ հիմա կռվող տղերք են պետք, ոչ թե փիլիսոփաներ,- քարը էլի Հրանտի բոստանին էր ուղղված:
– Ղորթ ըս ասում, բայց վեր Հրանտի նհետ խոսում ըս, լավ դուխ ա տամ:
Հրանտը մոտեցավ պատուհանին, նայեց դուրս, ապա շրջվեց դեպի ընկերները:
– Մարդը ազատ է: Ազա՜տ… Աստված մարդուն ազատ ա ստեղծել…